21 նոյեմբերի 2011 - 14:09 AMT
12-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը հանգանակել է 1 մլն 300 հազար եվրո

Նոյեմբերի 17-20-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում է գրանցվել: Հիմնադրամից հայտնում են, որ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Տուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ շարունակ զանգահարել են ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի ու Հայաստանի Տավուշի մարզի մոտ 10 գյուղում: Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի կողմից հանգանակած 24150 եվրոն կօգտագործի նորոգելու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և համալրելու դպրոցի գրադարանը: Իսկ Գերմանիայի տեղական մարմինը գերմանահայերի 81360 եվրոյի նվիրատվություններով կնորոգի Գյումրու մանկատունը:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնին Հունաստանից մասնակցել է նաև հունահայ համայնքը: Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակին` մեր ազգակիցները անկոտրուն կամք են դրսևորել և կրկին ապացուցել իրենց նվիրվածությունը հայրենիքին: Նոյեմբերի 12-ին մեկնարկած երկօրյա հեռախոսամարաթոնի ընթացքում հունահայ փոքրաթիվ համայնքը շուրջ 35.000 եվրո է հանգանակել, որը կուղղվի Վանաձորի մանկատան կարիքներին: