Տարոն Մարգարյան. Պետք է կարգապահությունը դարձնենք կենսակերպ

Տարոն Մարգարյան. Պետք է կարգապահությունը դարձնենք կենսակերպ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկել է երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներում հաշվի առնել քաղաքացիների կողմից ներկայացված որոշ երթուղիների հետ կապված բողոքներն ու առաջարկությունները։

Քաղաքապետարանից հայտնում են, որ միաժամանակ հանձնարարվել է երթուղային նոր ցանցը կիրառելու ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանել Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործելու և դրանք սպասարկելու առումով, ինչը ենթադրում է համապատասխան կառույցների ձևավորում:

Մայրաքաղաք մտնող մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցները հատկացված վերջնակետային հանգույցներում կայանելու հետ կապված` տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 2 դեպք, իսկ չնախատեսված կանգառում կայանման 8 դեպքի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ամենօրյա հսկողության տակ պահել այս գործընթացը, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ բանուկ խաչմերուկներում տրասպորտային խցանումների բեռնաթափման հարցը:

«Քաղաքացիների կողմից դրական արձագանքն արդեն նկատելի է, մենք պետք է շարունակենք ամենօրյա հսկողությունը և կարգապահությունը դարձնենք կենսակերպ: Այդ աշխատանքներում պետք է ներգրավել նաև այն հասարակական կազմակերպություններին և երիտասարդական կառույցներին, որոնք համագործակցելու պատրաստակամություն են հայտնել»,- նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---