«Մանկական երվատեսիլ 2011»-ում Հայաստանի ներկայացուցչուհի Դալիթա Ավանեսյանը ներկայանալու է նույն համարով, որով հանդես է եկել նախընտրական փուլում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց երգչուհու մայրը` Իզաբելլան, նշելով, որ մի փոքր փոփոխվել է պարային համարը, քանի որ մրցույթի բեմը շատ ավելի մեծ է:
Երգչուհու մայրիկը նաև նշեց, որ մեծ աշխատանք է տարվել մրցույթին ներկայանալու համար և նրանց համար կարևորը լավ ներկայանալն է, իսկ եթե հաղթեն` կրկնակի ուրախալի կլինի իրենց համար: Համարի ռեժիսորն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, պարուսույցը` Նելլի Կարապետյանը: Զգեստների հեղինակն է Լիլիթ Մարգարյանը:
11-ամյա Դալիթան սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` երեք տարբեր ուղղություններով` դաշնամուր, կիթառ և վոկալ: 6 երգերի հեղինակ է:
2007թ. հաղթել է Ալ. Սպենդիարյանի անվան երիտասարդ երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթում: 2009 -2010թթ. «Հայաստանի պարային օլիմպիադայում» զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի:
«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցել է նաև 2010թ. և ընդգրկվել լավագույն հնգյակում:
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010թ. վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:
Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008-ին` Մոնիկա Մանուչարովան և գրավել 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: