25 նոյեմբերի 2011 - 12:15 AMT
«Ազգ»-ը ոստիկանությանը մեղադրում է խելքի փոխարեն բռունցքներն օգտագործելու մեջ. ոստիկանությունը հերքում է

Հղում տալով մամուլի հրապարակումներին՝ այսօր «Ազգ» օրաթերթը գրել էր, որ Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ են նաև Չորրորդ գյուղի բնակիչներ (նրանք ձերբակալված են), որոնցից մեկին, որպես համագյուղացու, այցելել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Այվազյանի պատմելով՝ իր այդ համագյուղացին` Հարություն Թորոսյանը այն աստիճանի ծեծված է եղել, որ նրա դեմքն անճանաչելի է եղել, և նա ի վիճակի չի եղել խոսելու:

«Ճիշտն ասած` ամեն անգամ երբ Հայաստանում ոստիկանապետներ են փոխվում, և վերջիններս խոստանում են բարեփոխել համակարգը, առաջին հերթին բոլորը մտածում են, թե ե՞րբ, ի վերջո, այդ ոստիկանապետները կբարձրաձայնեն, թե պիտի հասնեն նրան, որ ոստիկանությունում բացառվի ծեծը, ծեծով ցուցմունք կորզելու պրակտիկան, երբ ոստիկանությունում կսկսեն միայն խելքով, գիտելիքներով և էրուդիցիայով առաջնորդվել»,- գրում է թերթն ու հավելում, որ Լուսակերտում անընդունելի բան է կատարվել, «հաբռգած» ու հարբած մարդիկ ծեծկռտուք են կազմակերպել, որի համար ձերբակալվել են. «Եթե նրանց հետ քննչական ու այլ տիպի գործողություններ կատարվելու են նույն ծեծկռտուքով, ապա ի՞նչ տարբերություն այդ մարդկանց ու ոստիկանի միջև, կարելի՞ է իմանալ»։

Ի պատասխան այս հրապարակման, ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ տեղի ունեցած միջադեպի քննությանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացարձակապես առնչություն չունի»:

Նշվում է, որ օրաթերթի 25.11.2011 թ. համարի «Բռունցքի փոխարեն խելքը գործի դրեք» հրապարակման մեջ բերված փաստերը գերազանցապես չեն համապատասխանում իրականությանը, իսկ մեղադրանքներն անհիմն են: