Մարվեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի նամականիշը

Մարվեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի նամականիշը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Հայփոստ»-ի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ, տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդակցության համակարգող Ջարմո Սիմը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովհաննես Մուսայելյանը և մրցույթի մամլո ղեկավար Արտակ Վարդանյանը:

Նամականիշը տպագրվել է Կանադայի Llowe Martin Group տպարանում, անվանագինն է 230 դրամ: Այն թողարկվել է 40 000 տպաքանակով, և հեղինակն է Ստեփան Ազարյանը:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: Հաղթող ճանաչվեց վրացական Candy խումբն իր Candy music երգով:

Այս տարի Մանկական Եվրատեսիլին մասնակցեցին 13 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթին մասնակցեց չորրորդ անգամ: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացրեց Դալիթան իր Welcome to Armenia երգով և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---