Ռազմական ոստիկանությունը պայմանավորվածությո՞ւն ունի զորամասերի հրամանատարների հետ

Ռազմական ոստիկանությունը պայմանավորվածությո՞ւն ունի զորամասերի հրամանատարների հետ

PanARMENIAN.Net - Բանակում շարունակաբար տեղի ունեցող և ջրի երես ելնող ողբերգական իրադարձությունները, երբ հրամանատարական կազմի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում մեր եղբայրներին և ընկերներին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու համար պարարտ հողը բացառելու ուղղությամբ, ոտքի է հանել հասարակության լայն զանգվածների: Այս մասին գրում է «Չենք լռելու» նախաձեռնությունն ու հայտնում, որ ակտիվիստներն իրենց` դեռևս ծառայող և զորացրված ընկերների հետ շփման միջոցով բավականին խորն են ուսումնասիրել թե՛ բազմաթիվ զորամասերում տիրող վիճակը, թե՛ դրա դեմ պայքարող օղակների աշխատանքը:

«Նրանց կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքով և կանոնակարգով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: Եվ միայն չափազանց լավատեսորեն տրամադրված մարդիկ կարող են հավատալ, որ զորամասում տիրող ապօրինություններին իրականում հակակշռում են ռազմական ոստիկանությունը և վերահսկող մարմինները: Նրանք, որպես կանոն, զորամասերի հրամանատարների հետ գտնվում են զանազան պայմանավորվածությունների մեջ»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Այս ամենի արդյունքում տուժում է հայոց բանակը և հայ զինվորը, որը, որպես վերջին միջոց, ստիպված է լինում ընդվզել անարդարությունների և խտրականության դեմ: Հաճախ այդ ներքին ընդվզումն ավարտվում է ինքնախեղմամբ կամ, լավագույն դեպքում, զինծառայությունը մի կերպ ավարտելուց հետո, Հայաստանը հավերժ լքելու երազանքով:

Հայտնի են նաև բազմաթիվ դեպքեր, երբ ինքնասպանություն գործած կամ սպանված զինվորների հարազատներին վճարում կամ վախեցնում են` լռելու համար: Բանակում տիրող խայտառակության առաջին և անմիջական պատասխանատուն շարունակում է մնալ ԶՈւ հրամանատարը` Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Չենք լռելու»-ն շարունակում է պահանջել վերջինիս հրաժարականը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---