ՖԱՖ-ը պահանջում է արգելել «Հրազդան» մարզադաշտի տարածքում բարձրահարկ շինության կառուցումը

ՖԱՖ-ը պահանջում է արգելել «Հրազդան» մարզադաշտի տարածքում բարձրահարկ շինության կառուցումը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի երկրպագուների ՖԱՖ շարժումը (Առաջին հայկական ճակատ) բաց նամակ է տեղադրել իր պաշտոնական կայքում` հանդես գալով «Հրազդան» մարզադաշտի տարածքում կառուցվելիք 20 մետր բարձրություն ունեցող շինության կառուցման դեմ:

«Հրազդան» մարզադաշտը կառույց է, որը ոչ միայն պատմամշակութային արժեք է, այլ նաև պարծանք, հուշարձան և տաճար յուրաքանչյուր իրեն հարգող հայի սրտում: Մասնավորեցումից ի վեր ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզադաշտի պահպանության կամ բարենորոգման ուղղությամբ, ի՞նչ են արել պետական իրավասու մարմինները՝ ապահովելու մարզադաշտի նպատակային օգտագործումը սեփականատիրոջ կողմից, ի՞նչ է արել Ֆուտբոլի ֆեդերացիան՝ կանխելու խոտածածկի վրա համերգային, ոչ մարզական, այլ տարաբնույթ միջոցառումների անցկացումը, կամ՝ ի՞նչ է արել սեփականատերը այս կառույցի համար կատարված ներդրումների մասին հանրության որևէ իրազեկում ապահովելու ուղղությամբ: Այժմ ծագել է հրատապ և լրջագույն խնդիր, որին չանդրադառնալը կարող է անօգտագործելի դարձնել հայ ժողովրդի խոշորագույն այս մարզադաշտը և նախադեպ ստեղծել՝ մարզական այլևայլ կառույցներ առևտրի տարածքների վերածելու համար»,- նշված է նամակում:

Երկրպագուները համոզված են, որ «Հրազդան» մարզադաշտի պատշաճ շահագործման դեպքում, հնարավոր է կազմակերպել տոմսերի շատ ավելի մատչելի գներով վաճառք՝ նպաստելով ավելի հզոր երկրպագության կազմակերպմանը և ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի տարածմանը և հանրայնացմանը:

«ՖԻՖԱ-ի անվտանգության կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ «մարզադաշտի շրջակայքում պահանջվում են բավարար տարածքներ, որը թույլ կտա երկրպագուների տարհանումից հետո նրանց տեղակայումն առանց կուտակումների: Այս կարգավորումները պետք է սահմանվեն, և անհրաժեշտության դեպքում պետք է գործի երկրպագուներին այնտեղ տեղակայելու համապատասխան մեխանիզմը»:

Հայկական առաջին ճակատը գտնում է, որ «Հրազդանը» չի կարող պատկանել մեկ անձնավորության, այն ողջ հայ ժողովրդինն է: «ՖԱՖ-ը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի խնդրով շահագրգիռ այլ կառույցների և անձանց համախմբման ճանապարհով արգելափակի այս գործընթացը: Պահանջում ենք պետական իրավասու մարմիններից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից անհապաղ կայացնել անհրաժեշտ որոշումներ և ձեռնարկել միջոցառումներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---