Բրյուսել կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման օրակարգում Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և դրա շուրջ առաջիկա բանակցային գործընթացը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումները: Նա հույս է հայտնել, որ 2012 թվականի սկզբին կլինի ԽՀԱԱ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումը:
Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ ընթացիկ հարցեր: