Պետական գույքի կառավարման վարչությունում կարևորում են գույքի գնահատման որակյալ ծառայությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը և Հայաստանի Բանկերի միությունը համատեղ կազմակերպել են բանկային ոլորտի աշխատակիցների լրացուցիչ մասնագիտացման դասընթաց «Անշարժ գույքի գնահատումը բանկային համակարգում» թեմայով, ասվում է հաղորդագրության մեջ:

«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2009թ.-ին՝ պետական գույքի հաշվառման, գույքագրման և գնահատման գործառույթները մասնագիտորեն իրականացնելու նպատակով: Այժմ կազմակերպությունը, ընդլայնելով գործունեության շրջանակները, սկսել է մատուցել մի շարք ծառայություններ նաև ոչ պետական կառույցներին և անհատներին:

Հաճախ գնահատում իրականացնող կազմակերպությունները և անձինք չեն ունենում համապատասխան որակավորում և անհրաժեշտ գործնական գիտելիքներ, ինչի արդյունքում սխալ գնահատում են իրականացնում: Իսկ դրանից կարող են տուժել թե սեփականատերերը և թե ֆինանսական կազմակերպությունները: Նման խնդիրներից խուսափելու համար ՊԳԿ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը, ելնելով իր մասնագիտական կարողություններից, 2011թ-ի ընթացքում նախաձեռնել և կազմակերպել է «Անշարժ գույքի գնահատում» մասնագիտացման լրացուցիչ դասընթացներ:

Առաջին դասընթացը մեկնարկել է հոկտեմբերի 11-ին, որը նախատեսված էր գնահատման ոլորտի` աշխատակիցների, սկսնակ մասնագետների և ուսանողների համար: Դասընթացը տևել է 45 օր, ունկնդիրները նաև 15 օրյա աշխատանքային պրակտիկայի հնարավորություն են ունեցել: Ավարտին մասնակիցներին տրվել է վկայական:

Բանկային ոլորտի մասնագետների վերապատրաստման նպատակով նոյեմբերի 20-ից առաջին անգամ Հայաստանի Բանկերի միության հետ համատեղ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է «Անշարժ գույքի գնահատումը բանկային համակարգում» լրացուցիչ մասնագիտացման դասընթաց, որին մասնակցել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ», «Արցախբանկ», «Զարգացման Հայկական Բանկ», «Կոնվերս Բանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ների 8 աշխատակիցներ: Դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները: Դասընթացը տևել է 14 օր, մասնակիցներին այսօր ավարտական վկայականներ են հանձնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Արման Սահակյանը, շնորհավորելով մասնակիցներին, խոսել է անշարժ գույքի գնահատման ոլորտում որակյալ մասնագետների պահանջարկի ու նրանց ծառայությունների կարևորության մասին, վստահեցնելով, որ վարչության դռները միշտ բաց են համագործակցության համար:

Դասընթացները կվերսկսվեն հունվարին, կընդլայնվեն թեմատիկ ընդգրկումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---