6 դեկտեմբերի 2011 - 17:38 AMT
Սեյրան Օհանյանը հանդիպել է բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ պաշտպանության նախարարից: Սեյրան Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու և մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ: Ընդունելությանը մասնակցած զինհաշմանդամների, ազատամարտիկների, զինծառայողների ծնողների, զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին էին վերաբերում: Պաշտպանության նախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրական պատասխան: