8 դեկտեմբերի 2011 - 13:18 AMT
2012թ փետրվար-մարտ ամիսներին ՀԱԿ-ը վերսկսելու է բողոքի ակցիաները՝ իշխանափոխության նպատակով

Ընդդիմադիր ՀԱԿ-ը ծրագրում է փետրվար-մարտ ամիսներին սկսել «ակտիվ, զանգվածային քաղաքական միջոցառումներ՝ նպատակ ունենալով իշխանափոխությունը և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Քաղաքական խնդիրների լուծումից հետո արդեն, կարելի է գնալ կամ արտահերթ, կամ հերթական ընտրությունների»,- հավելել է նա:

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, հիմա ևս երկրում քաղաքական իրավճակը բարդ է, սակայն գալիք տարվա փետրվար-մարտ ամիսներին այն էապես կփոխվի: Նա նաև ներկայիս իշխանության վիճակը համեմատել է մարդու հետ, ով կանգնած է ծորուն ավազի վրա, իսկ ցանկացած շարժում ավելի է խորացնում վիճակը:

Ընդ որում, Շահնազարյանն ընդգծել է, որ «Կոնգրեսը դեմ է ցնցումներին: Մենք կողմնակից չենք «արաբական» սցենարի: Մեզ մոտ լինելու է «հայկական» սցենար, փորձն արդեն ունենք, հիշեք 1988-1991 թթ»:

Շահնազարյանը նաև նշել է, որ Կոնգրեսը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր կիսում են ՀԱԿ-ի արժեքային համակարգը և նույնպես ցանկանում են, որ երկրում հաստատվի օրինականություն և ժողովրդավարություն: