Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերություններն այժմ բարձր մակարդակում են, և մենք այստեղ ենք ժամանել, որպեսզի այն իդեալականի հասցնենք, դեկտեմբերի 8-ին Երևանում պաշտոնական ընդունելության ժամանակ այդ մասին հայտնել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:
Հայ և լիբանանցի ժողովուրդները շատ ընդհանուր բան ունեն պատմական տեսակետից, նշել է նախագահը` հավելելով, որ բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ամուր կապերը: Բացի այդ, Լիբանանի նախագահի խոսքով, այս այցի արդյունքում ստորագրվելիք պայմանագրի շնորհիվ, համագործակցությունը շատ առումներով կխորանա: «Մասնավորապես, դա վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: Այդպես, Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը կարող է հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդման լավ միջոց դառնալ»,- ընդգծել է նա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի ընթացքում Սուլեյմանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Ծրագրվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրեր ստորագրել: