ԵՄ երկրների բյուջետային քաղաքականության նոր պայմանագիրը, որը ԵՄ 26 երկրների առաջնորդները համաձայնեցրել են վերջերս կայացած գագաթնաժողովին, կստորագրվի մարտին: Այդ մասին վստահություն է հայտնել ԵՄ նախագահ Գերման վան Ռոմպեյը՝ Եվրախորհրդարանում ելույթ ունենալով տարածաշրջանի պարտքային ճգնաժամի զարգացման հարցի լսումների շրջանակներում.
՛՛ Ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ գիտեմ, որ համաձայնությունը կստորագրեն գրեթե բոլոր 27 երկրները: Իրականում, 26 առաջնորդներ իրենց հետաքրքրություն են ցուցաբերել հարցի նկատմամբ: Նրանք խոտովանել են, որ եվրոն հանդիսանում է համընդհանուր բարիք: Այդ պատճառով, ամենաուշը մարտի սկզբին այս ֆինանսական պայմանագիրը կստորագրվի: Մենք նաև ձգտում ենք նրան, որպեսզի 2012 թ կեսերին վավերացվի եվրոպական կայունացնող մեխանիզմի մասին պայմանագիրը»:
Ինչպես սպասվում էր, նոր ֆինանսական պայմանագիրը կստորագրեն եվրագոտու 17 պետություններ, ինչպես նաև ԵՄ 9 երկրներ, որտեղ առաջվա նման շրջանառության մեջ են ազգային արժույթները. դա նշանակում է ԵՄ բոլոր պետությունները, բացի Մեծ Բրիտանիայից:
Լոնդոնը բյուջետա-հարկային միության ստեղծման մասին համաձայնագրի մերժումը դրդապատճառավորում է իր ինքնիշխանության մի մասից չհրաժարվելու ցանկությամբ: Նմնա դիրքորոշման կողմնակիցները կարծում են, որ այդ քայլը Մեծ Բրիտանիային մեկուսացնում է Եվրոպայից:
Եվրոպական ղեկավարությունը, նախապես ողջունելով նոր ֆինանսական պայմանավորվածությունը, նշում է, որ տարածաշրջանում տնտեսական իրավիճակի կայունացման համար, այն բավական չի լինի. դրա համար անհրաժեշտ է վերականգնել տնտեսական աճը և բարձրացնել զբաղվածությունը, հաղորդում է Euronews-ը: