13 դեկտեմբերի 2011 - 20:35 AMT
Լույս է տեսել «Հայը և իր երգը» մանկական երգարանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակել է Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի և Կոմիտաս Գևորգյանի «Հայը և իր երգը» մանկական երգերի գիրքը:

Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուներկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով:

Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արևմտահայերեն տեքստերն ու դրանց վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արևելահայերենի փոխադրումը և նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը և Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների և հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: