15 դեկտեմբերի 2011 - 11:29 AMT
Վենետիկում բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը

Այսօր Վենետիկի «Կոռեր» թանգարանում բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Բացմանը ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև իտալական իշխանությունների ներկայացուցիչներ:

Բացման ժամանակ հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին և դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին և, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ և կարևոր գործն իրականացնելու համար:

Ցուցահանդեսից հետո նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգևոր երաժշտության համերգ:

Ավելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք, որին կմասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ: