Տոնը պատմական մշակույթի, հիշողության վերարտադրությունն է ներկայում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ «Մեր պատմական մշակութային անցյալի և մեր ներկայի միջև էվոլյուցիոն զարգացման շղթան արհեստականորեն ընդհատվել է առնվազն 2 պատճառով՝ Ցեղասպանություն և Հոկտեմբերյան հեղափոխություն։ Հիմա կա վերականգնելու ինտենսիվ փնտրտուք»,- ասաց բանախոսը։
Ըստ ազգագրագետի, Ամանորի ավանդույթների շարքում է եղել միմյանց մեղրով շնորհավորելը, մի բուռ ընդեղեն օդ նետելն ու այդ թափվող առատությունը բոլորին մաղթելը, աջ ոտքով տուն մտնելը, դատարկ ձեռքով տուն չմտնելը, տան բոլոր անդամներին շնորհավորելը և այլն։ «Առաջնորդվել ենք մաքուր մարմին, մաքուր խիղճ, մաքուր միջավայր սկզբունքով»,- նշեց Հրանուշ Խառատյանը։
Նա հավելեց, որ Նոր տարվա տոնը կրել է օրացույցային փոփոխություններ, ըստ որի փոխվել է նաև տոնի բովանդակային ծեսաշարը։ Իսկ հունվարի մեկից սկսել են նշել Հոկտեմբերիյան հեղափոխությունից հետո։
Ազգագրագետը նշեց, որ հիմա չափազանց մեծ տեղ է տրվում սնունդին ու տոնական սեղանին։ Նախկինում ամանորյա սեղանին գերակշռել են հատիկավորները, աղանձը, ընդեղենը։ Տոնական սեղանը զարդարել են կյանքի շարունակականությունն ու հավերժությունը խորհրդանշող մթերքներ՝ խնձոր, նուռ, ընկույզ, նուշ, պնդուկ և այլն։
Մսեղեն, ըստ բանախոսի, քրիստոնեական օրացույցի հաստատումից հետո չի եղել, քանի որ հունվարի մեկը ծննդյան տոնի պաս օրերի շարքում է. «Սակայն պասն այսօր շատ կամայական երևույթ է»։