26 դեկտեմբերի 2011 - 13:34 AMT
Հայերն Ամանորին զարդարվող ծառից չարխափան կամ բարու մուտքը խորհրդանշող հմայիլներ են կախել

Տոնածառը 3-4 հարյուր տարվա պատմություն ունի ողջ աշխարհում, իսկ Հայաստան մուտք է գործել Արևմտյան Եվրոպայից 19-րդ դարի վերջում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Բայց զարդարվող ծառը հայոց մեջ եղել է շատ վաղուց։ Դրանից չարխափան հմայիլներ են կախել, այն ամենը ինչ խորհրդանշում է չարի խափանումը կամ բարու մուտքը։ Հայերի մեջ միշտ եղել է տունը զարդարելու սովորույթը։ Ծառը իր զարդարանքներով շատ հաճախ հայտնվել է նաև տարեհացի զարդարման մոտիվներում»,- մանրամասնեց բանախոսը։

Նա նշեց, որ հայկական նոր տարին ձմեռ պապ չի ունեցել, բայց շատ հաջող է մտել տոնի մեջ։ Հայոց մեջ էլ այն, ըստ բանախոսի, կարող է նոր դրսևորումներ, հատկություններ ձեռք բերել. «Ձմեռ պապը որպես քրիստոնեական մշակույթի մաս, սրբի դրսևորում է։ Այն տարբեր անուններ ունի տարբեր երկրներում, սակայն սկզբունքորեն իր արտաքին տեսքով ու բովանդակությամբ այն զգալի նմանություններ ունի և բավական մեծ տարածում է ստացել»։