«Առաջին հերթին մեզ բոլորիս ու մեր երկրին նոր տարում մաղթում եմ խաղաղություն։ Կարծում եմ, որ դրա կարիքն իսկապես ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, շնորհավորելով գալիք Ամանորը, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ խաղախությունը կապված է մեր կյանքի բոլոր գործընթացների հետ։
«Խաղաղությունը միայն պատերազմականը չէ, թեև նախ և առաջ դա եմ մաղթում, որ մենք չունենանք պատերազմական ոչ խաղաղություն, պատերազմ չունենանք։ Ուզում եմ, որ մենք ու ողջ աշխարհն ունենա հոգու ներդաշնակություն, Աստծո տված կարողությունները տնօրինելու հնարավորություն, ունենանք արդարություն, որին այսքան ձգտում ենք, որ մեր հասարակությունում սիրելու կարողությունը լինի ավելին, քան կա»,- մաղթեց ազգագրագետն ու նշեց, որ դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջավայր։