27 դեկտեմբերի 2011 - 13:07 AMT
Տիգրան Դավթյան. Տնտեսական տարին կարելի է հաջողված համարել

Հեռացող 2011 թվականը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը միանգամայն հաջողված է համարում: «Տարվա արդյունքներով մենք տնտեսական ակտիվության 5,5% ցուցանիշ ենք ակնկալում, իսկ ՀՆԱ ցուցանիշը կլինի ավելի ուշ»,- ասել է նա դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:

Ընդ որում, նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության, աճ է գրանցվել, մասնավորապես` արդյունաբերության ոլորտում: «Ուրախացնում է, որ տնտեսական ակտիվության լոկոմոտիվն իրական հատվածն է դարձել»,- ընդգծել է նա: Ինչպես հաղորդել է Տիգրան Դավթյանը, արդյունաբերության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում աճը կազմել է մոտ 13-14%, գրանցվել է արտադրության ծավալների աճ, որն արդեն 900 մլրդ դրամ է կազմել, և «հույս կա, որ մենք կհատենք 1 տրլն դրամ խորհրդանշական ցուցանիշը»: Խոսելով այլ ցուցանիշների մասին` նախարարը նշել է, որ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10%, ընդ որում` 2011 թվականին արտահանման ծավալների աճի տեմպերը, որտեղ տասնմեկ ամսում աճը կազմել է 34,6%, գերազանցել են ներկրումը, արձանագրվել է նաև երկրի տնտեսության մեջ ներդրումների աճ` 23,4%: Այս կապակցությամբ նախարարը կարևորել է, որ փոխվել է երկրի տնտեսության կառուցվածքը, որում ավելացել է արդյունաբերության բաժինը:

Իսկ ինչ վերաբերում է գնաճին, նրա խոսքով, ամփոփիչ ցուցանիշը կորոշվի հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա արդեն ակնհայտ է, որ տարվա վերջին աճի տեմպերը նվազել են` համեմատած բարձր գնաճային ճնշման հետ, որը կար տարվա սկզբին: