Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները պլացդարմ չեն դառնա Իրանին հարված հասցնելու համար: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:
Մեկ այլ իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանն իր հերթին նկատել է, որ Հայաստանի տեսակետից լավ հարաբերությունների պահպանումն իր իսկ շահերից է բխում: «Չնայած այն լուրերին, որ Իրանի նախագահը Երևան էր ժամանել, որպեսզի հավաստիանա Հայաստանի աջակցության հարցում, ես կարծում եմ, որ դրա կարիքը չկար, քանի որ Հայաստանն ու Իրանը միշտ արտահայտվել են միմյանց աջակցության օգտին»,- հավելել է նա:
Ընդհանուր առմամբ փորձագետները ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան գնահատել են բավական արդյունավետ, «որի ընթացքում մի շարք ռազմավարական համաձայնագրեր են ստորագրվել»:
Դեկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Այցի ընթացքում 6 համաձայնագիր է ստորագրվել, մասնավորապես` էներգետիկայի և տնտեսության ոլորտում: Բացի այդ, այցի ընթացքում երկու երկրների նախագահները հաստատել են հավատարմությունը համագործակցության ամրապնդմանը: