«Չենք լռելու»-ն գալիք տարի բոլոր հնարավոր միջոցներով մասնակից է լինելու Հայաստանում արդար ընտրությունների անցկացման գաղափարին: Նախաձեռնությունից հայտնում են, որ արդեն հունվարից սկսելու է գործել նախաձեռնության պաշտոնական կայքը, որտեղ հատուկ բաժին նվիրված է լինելու ընտրություններին նախորդող շրջանում, քվեարկության ընթացքում և արդյունքների ամփոփման փուլում տեղ գտած բոլոր խախտումներին:
Ընտրություններից առաջ «Չենք լռելու»-ն կոչով դիմելու է բոլորին` բջջային հեռախոսների վրա նկարահանել ցանկացած տեսակի խախտում և տեղադրել տեսանյութը համացանցում: Այս առումով նախաձեռնության համար խիստ ուսանելի են Ռուսաստանում «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով սկիզբ առած շարժման պայքարի մեթոդները:
Նախաձեռնությունն, իրավաբանական առումով լինելով ոչ ֆորմալ միավորում, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն անցկացնելու իրավունք չունի, սակայն քվեարկության օրը ընտրատեղամասերի դիմաց անց է կացնելու հարցումներ` «էքզիթ-փոլ» ֆորմատով, որոնց արդյունքները հրապարակելու են ընտրատեղամասերի փակման ժամին` 20:00-ին: «Չենք լռելու»-ն բոլոր մարզերում հարցումներ է անցկացնելու նաև նախընտրական հատվածում: Առաջին հարցումն անց է կացվել երեկ` դեկտեմբերի 26-ին, Երևանի 4 համայնքներում` Կենտրոնում, Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Աջափնյակում և Էրեբունիում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1614 մարդ: «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին վաղը» հարցին ի պատասխան նրանցից 255-ն ասել են, որ չեն մասնակցելու ընտրություններին` հաշվի առնելով Հայաստանում դրանց կեղծման ավանդույթը: Մնացած 1359-ը տվել են հետևյալ պատասխանները. ՀԱԿ– 23.4%, ՀՀԿ – 22.1%, ԲՀԿ – 13.5%, «Ժառանգություն» – 7.2%, ՀՅԴ – 5.2%, ՕԵԿ – 4%, այլ – 5%, բոլորին դեմ– 19.6%: