27 դեկտեմբերի 2011 - 19:00 AMT
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրակրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ` քաղաքապետն ընդգծել է հանրակրթության,առողջապահության և սոցիալական բնագավառների առանձնահատուկ դերը`հասարակության առաջ ունեցած պատասխանատվության առումով: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է և կշարունակի աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ոլորտնեևում ակնկալվող դրական տեղաշարժերին ու զարգացման ծրագրերին:

«Դուք շատ կարևոր ու մեծ առաքելություն ունեք: Ձեզ են վստահված հասարակության և մեզանից յուրաքանչյուրի համար ամենաթանկ արժեքները: Այդ առաքելությունը դուք պատվով եք կատարում, ինչի համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ»,-նշել է քաղաքապետը:

Կրթության ոլորտում ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար, Երևանի քաղաքապետարանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի տնօրեն Մուշեղ Մինասյանը, Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվել հանրակրթության, առողջապահության, սոցիալական և մարզական բնագավառների մի շարք ներկայացուցիչներ: