27 դեկտեմբերի 2011 - 19:03 AMT
«Վիվարո» կենտրոնի տիրոջը սպանողը հայտնաբերվել է ու ձերբակալվել

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Որմնադիրների փողոցի սկզբնամասում, անհատ ձեռներեց Գարիկ Կիրակոսյանին պատկանող ավտոմեքենայում, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ավտոմեքենայի սրահից վերցրած դանակով հարվածներ հասցնելով՝ Կիրակոսյանին սպանել է 26-ամյա Մհեր Խաչատրյանը, այնուհետև դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխելով «Աղի ջուր» կոչվող լճակ՝ մեքենան ջրասույզ է արել: Մհեր Խաչատրյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների 1-ին փողոցին հարակից «Աղի ջուր» կոչվող լճակում ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, և փրկարար ծառայության միջոցով լճակից դուրս է բերվել «Օպել-Բ» մակնիշի ավտոմեքենա, որի սրահի հետևի նստելատեղին հայտնաբերվել է մեքենայատիրոջ՝ դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 40-ամյա Գարիկ Կիրակոսյանի դիակը` կրծքավանդակին և թիկունքին բազմաթիվ վնասվածքների հետքերով: