27 դեկտեմբերի 2011 - 19:14 AMT
Մարգարյանն ու Կովալենկոն քննարկել են գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և ՌԴ քաղաքների միջև գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպանը վստահություն է հայտնել` Երևանի ու ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի և այլ քաղաքների միջև ձևավորված բարեկամական և տնտեսական կապերը հետագայում ևս կշարունակեն համաչափ զարգանալ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ինչպես հայ-ռուսական դաշնակցային, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բարձր մակարդակի վրա և բավականին ակտիվ է, այլև զարգացման լայն հեռանկարներ ունի։ Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և ՌԴ քաղաքների միջև նախանշված բոլոր ծրագրերը կշարունակվեն և քաղաքապետարանը պատրաստակամ է ու բաց՝ փոխշահավետ նոր առաջարկներ ու ծրագրեր քննարկելու։