Դեկտեմբերի 28 Երևանում կայացել է ազատ տնտեսական գոտիների գործընթացի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովների առաջին նիստը, որտեղ նախագահում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական հիմքերը ԱՏԳ ձևավորման գործընթացի իրականացման համար»,-հայտարարել է նախարարը`բացելով նիստը: Նա հիշեցրել է, որ երկրի կառավարության կողմից ընդունված և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքն արդեն ուժի մեջ է: Կառավարությունն էլ որոշում է կայացրել, որի համաձայն հաստատվում են ԱՏԳ ձևավորման կարգը:
2011թ. Հայաստանում ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի շրջանակում աշխատանք է կատարվել դրանց գործունեության կարգի նախապատրաստման ուղղությամբ: Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արդեն պաշտոնական հայտ է ստացվել Sitronics ընկերությունից՝ «Մարս» գործարանի տարածքում 2012թ. ազատ տնտեսական գոտի կազմակերպելու վերաբերյալ:
Այս համատեքստում Տիգրան Դավթյանը հավելել է, որ առաջիկա տարիներին Հայաստանում կհայտնվեն 2-3 ազատ տնտեսական գոտիներ տարբեր ոլորտներում: Նախարարը նշել է, որ ագրարարային ուղղության ազատ տնտեսական գոտի կգործի «Զվարթնոց» օդանավակայանին կից, որի շուրջ բանակցություններ են ընթանում հավատարմագրային կառավարչի հետ: Արդյունաբերական-նորարարական ուղղությունը կզարգանա «Մարս» գործարանի տարածքում: Բացի այդ, ըստ նախարարի, Հայաստանի տարածքում ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցում շահագրգռված է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան: «Կարծում եմ, որ 2012թ. Հայաստանում կլինի ազատ տնտեսական գոտիների կազմակերպմանն ուղղված ակտիվ գործողությունների տարի»,-ասել է Դավթյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21 ստորագրել է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենք, որը ստեղծում է նոր իրավական ռեժիմ տնտեսական գործունեության իրականացման համար և ուղղված է բարենպաստ տնտեսական մթնոլորտի, արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման խնդրի լուծմանը: