Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի համար 2011-ը բավական առատ էր: Թողարկվեցին իր 2 CD-ները, որոնք նվիրված են հայ դաշնամուրային երաժշտությանը: «Առաջին անգամ նախաձեռնեցի հայ կոմպոզիտորների մրցույթ և իրագործեցի հաղթող երկու ստեղծագործությունների պրեմիերաները, դրանց հրատարակումը և ձայնագրումը»,- նշել է դաշնակահարը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Տարին Հայկի համար աչքի ընկավ նաև «Էպիկենտրոն» նախագծով, որտեղ նա նկարչուհի Մոկոյի հետ (Մարիամ Խաչատրյան) համադրեց կերպարվեստն ու երաժշտությունը: Նա գրեց հատուկ ստեղծագործություն այդ նախագծի համար, իսկ այդ երեկոյի վերջում Մոկոն նկարում էր հանդիսատեսի առաջ` իր իմպրովիզացիայի ներքո: Անցնող տարում Մելիքյանը բազմաթիվ համերգներ ունեցավ Եվրոպայում, մասնակցեց տարբեր փառատոների: «1900+»-ի շրջանակում իրագործվեց ևս մի համերգ` այս անգամ նվիրված լեհական երաժշտությանը, որի շրջանակներում նա ունեցավ հետաքրքիր համագործակցություններ շատ երաժիշտների հետ:
2012-ին Հայկը կթողարկի «1900+» ձայնասկավառակը, որտեղ կներառի վերոհիշյալ մրցույթի հաղթողների, և իր համար հատուկ գրված հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործությունները: Եկող տարվա սկզբին կթողարկվի Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններով CD-ն: Նոր տարում «1900+»-ի և հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային ասոցիացիայի հետ համատեղ կիրագործեն Ave Maria ծրագիրը, ևս մի մրցույթ` ուղղված հայ կոմպոզիտորներին, այս անգամ վոկալ և դաշնամուրային ստեղծագործություններ կատարելու ակնկալիքով: Կլինեն նաև հյուրախաղեր:
Նոր տարին, դաշնակահարը, դիմավորելու է ընտանիքի հետ և կառանձնանա Ալֆրեդ Շնիտկեի խորը-փիլիսոփայական դաշնամուրային կոնցերտի հնչյունների ներքո: «Մաղթում եմ իմ շատ սիրելի, շատ տարբեր ու շատ տաղանդավոր ժողովրդին բերկրանքների բազում առիթներ, մենք այնքան արժանի ենք դրան, ներդաշնակություն և համերաշխություն: Թող 2012թ-ին գրվեն նոր ստեղծագործություններ, որ փայլենք ազգովի երաժշտական հորիզոնում»: