28 դեկտեմբերի 2011 - 19:20 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է Եվրամիության հետ հարաբերությունների արագ զարգացմամբ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն արագ զարգանան: Այդ առումով 2011 թ. բեկումնային տարի էր: Մենք կարողացանք գերակատարել մեր Ազգային ծրագրի ցուցանիշները»,-նշել է վարչապետը:

Դեսպան Հրիսթեան իր հերթին ասել է, որ գալիք տարին լինելու է հագեցած և նշել, որ ԵՄ-ն հետաքրքված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, անցագրային ռեժիմի դյուրացման խնդիրներին, ինչպես նաև մաքսային անցակետերի արդիականացման հարցին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: