Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գործարարներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդունելության մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով նաև անցնող տարուն` նախագահը նշել է, որ այն հագեցած էր կարևոր իրադարձություններով թե՛ գործարարների, թե՛ կառավարության, թե՛ ողջ հայ ժողովրդի համար: «Նորություն չէ ոչ մեկիս համար, որ այս տարի աշխարհը, մանավանդ Եվրոպան, տնտեսական ու ֆինանսական լուրջ բարդությունների առաջ էր կանգնած, և այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն: Այս լրացուցիչ դժվարություններն ամենայն հավանականությամբ մեզ դեռ կուղեկցեն նաև հաջորդ տարի: Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ` Հայաստանը 2011 թվականին կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, և, որ առանձնապես հաճելի է, էական աճ ունեցանք արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Սա առաջին հերթին ձեր գործունեության արդյունքն է»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հանրապետության ղեկավարը խոսել է նաև տնտեսական և քաղաքական կայունության, բիզնեսին հարկավոր խթանների ապահովման, բարենպաստ գործարար միջավայրի մասին` ընդգծելով, որ գործարար համայնքի հետ համագործակցությամբ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել, ունենալ որակապես նոր տնտեսություն: «Անցնող տարին կարևոր էր բոլորիս համար: Հիանալի է, որ որքան բարդանում է միջավայրը, այնքան ավելի շատ նախաձեռնություններով են հանդես գալիս մեր գործարարները: Ձեզնից շատերի նոր ծրագրերի ու մտահղացումների մասին ես անձամբ տեղյակ եմ և հաջողություն եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին: Ես անկեղծոր են հավատում եմ ձեր ուժերին»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: