Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) չի հաջողվի փետրվարին նույնքան բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել, ինչպես 2011թ. փետրվարին, գտնում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, նա քաղաքական և սոցիալական հիմքեր չի տեսնում նույնքան բազմամարդ հանրահավաքների համար:
Քաղաքագետը նշել է, որ հանրահավաքները նախընտրական արշավի վրա ազդելու ՀԱԿ-ի գլխավոր գործիքն են, որի միջոցով ՀԱԿ-ը աշխատելու է ընտրազանգվածի հետ: «ՀԱԿ-ի շահերից է բխում, որ ակտիվությունն աճի ընտրությունների մոտենալուն պես, կոչերը ծայրահեղականանան ու հանրահավաքները առավել մարդաշատ լինեն ոչ թե ձմռանն, այլ ընտրություններից առաջ»,-ասել է նա:
Իսկանդարյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ի առջև խնդիր չկա խլել ձայները մյուս ծայրահեղական ուժերից, քանի որ նա ընդդիմադիր քաղաքական դաշտի առաջատարն է, այլ նրա նպատակը պետք է լինի գրավել դժգոհ, սակայն ոչ ակտիվ ընտրազանգվածի ձայները:
Կհաջողվի դա Կոնգրեսին, թե ոչ, ըստ քաղաքագետի, կախված կլինի առաջին հերթին երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից ու ՀԱԿ աշխատանքի հաջողությունից:
Նոյեմբերի 25-ի վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա 2012թ. փետրվարին: