Սիրիայում անկարգությունների ետևում կանգնած են արտաքին ուժերը, սակայն նրանք պարտություն են կրում, ազգին ուղղված հեռուստատեսային կոչում հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը: Նա նաև մեղադրել է արաբական պետությունների լիգային` հակասիրիական դիրքորոշումների համար:
«Տարածաշրջանային և միջազգային ուժերը, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Սիրիայում, այլևս ի վիճակի չեն կեղծելու փաստերն ու իրադարձությունները»,- հայտարարել է Ասադը` ելույթ ունենալով Դամասկոսի համալսարանում:
Սիրիայում արդեն տաս ամիս է չեն դադարում հակակառավարական ելույթները: ՄԱԿ-ի տվյալներով, այս ընթացում զոհվել է ավելի քան հինգ հազար մարդ:
Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է խաղաղ ծրագրին, որը մշակվել է Արաբական պետությունների լիգայի կողմից: Սիրիական քաղաքներում այս համաձայնության պահպանմանը հետևում են ԱՊԼ մի քանի տասնյակ դիտորդներ:
Այնուամենայնիվ, Դամասկոսի համալսարանում իր ելույթի ժամանակ Ասադը պախարակել է ԱՊԼ նրա համար, որ այն միացել է սիրիական իշխանությունների քննադատներին:
Հունվարի սկզբին ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին կոչ է արել Սիրիայի իշխանություններին դադարեցնել ցուցարարների վրա կրակելը, ընդգծելով, որ կառավարական դիպուկահարները խաղաղ քաղաքացիների համար լուրջ վտանգ են ներկայացնում:
Ասադի խոսքով, իշխանություները չեն հրամայել կրակել խաղաղ ցուցարարների վրա. «Օրենքի համաձայն, ոչ ոք իրավունք չունի կրակ բացել , բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերը», հայտնում է BBC: