Բաքուն ակտիվորեն ընդդիմանում է Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպերի քննությանը

Բաքուն ակտիվորեն ընդդիմանում է Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպերի քննությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն անընդհատ խուսափում է Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպերի հետաքննության մասին պայմանավորվածության իրագործումից՝ այդպիսով ապացուցելով, որ մտադիրդչէ դրանք կատարել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մամլո ասուլիսում:

Այդ համատեքստում, նախարարն օրինակ է բերել Ադրբեջանի դիրքորոշումը 2011թ. դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ բյուջեի ընդունման ժամանակ: «Երբ Մխ ներկայացուցիչն առաջարկեց բյուջեում ընդգրկել շփման գծում միջադեպերի քննության համար ծախսերը, Ադրբեջանը ոչ միայն դեմ եղավ, այլ նաև սպառնաց վետո կիրառել»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ:

Նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ին կհաջողվի ձևավորել դրված նպատակի իրագործման առավել արդյունավետ մեխանիզմներ: «Ցավոք, դեռևս միջադեպերի քննության հարցում առաջընթաց չկա»,-ասել է նա:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, 2012թ. մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

 Ուշագրավ
---