Anonymous հաքերային խմբավորումը գրոհել է ԱՄՆ ՀԴԲ-ի, Սպիտակ տան և այլ կառավարական կայքեր

Anonymous հաքերային խմբավորումը գրոհել է ԱՄՆ ՀԴԲ-ի, Սպիտակ տան և այլ կառավարական կայքեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ամենամեծ Ֆայլերի հոսթինգ ծառայության կայք Megaupload-ը փակվել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատախազության կողմից։ Համարվել է, որ Megaupload-ը խախտում է հեղինակային իրավունքը, հաղորդում է BBC։ Դաշնային դատախազությունը համարել է, որ խախտումների պատճառով հեղինակային իրավունքը կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Մեղադրանք է ներկայացվել 7 ֆիզիկական անձանց, ինչպես նաև երկու իրավաբանական անձանց՝ Megaupload Limited և Vestor Limited ընկերություններին։

Anonymous հաքերային խմբավորումը՝ ցանկանալով վրեժխնդիր լինել Megaupload-ը փակելու համար, հաքերային հարձակման է ենթարկել ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան և մի քանի այլ ռեսուրսների կայքերը։ Այս մասին Anonymous-ը հայտնել է իր բլոգում։ Մոտ 14 կառավարական կայքեր դարձել են հաքերային խմբավորման թիրախը, այդ թվում և խոշոր ձայնագրման ընկերություններ՝ Universal Music-ը և Warner Music Group-ը։

Հարձակումներից մի քանի ժամ անց մի քանի կայք վերականգնեցին իրենց աշխատանքը։ Ինչպես նշում է CNN-ը, հաքերները հրապարակել են նաև սենատոր Քրիս Դոդդի անձնական տվյալները։ Վերջինս զբաղեցնում է ԱՄՆ կինոընկերությունների ասոցիացիայի ղեկավարի պաշտոնը։

Նշենք, որ Megaupload-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում փողերի լվացման և հեղինակային իրավունքների խախտման համար։ Megaupload-ը թույլ էր տալիս օգտագործողներին ներբեռնել և վերբեռնել մեծ ֆայլեր՝ երգեր, ֆիլմեր։ Megaupload-ը ողջ աշխարհով մեկ ճանաչված կայքերի տասնյակում էր։

Հունվարի 18-ին Wikipedia-ն դադարացրել էր իր աշխատանքը ի նշան բողոքի ԱՄՆ Կոնգրեսի կողմից մշակված SOPA օրինագիծի դեմ։ SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ սեփականատերերի պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։ Ընդդեմ SOPA օրինագիծի դեմ ելույթ են ունեցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ են կանգնել իրենց իսկ մշակած օրինագծից։ Ներկայումս Կոնգրեսը դեռ քննարկում է SOPA օրինագիծը։ Իսկ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանում է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։

Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ, որոնք անջատել են PayPal օնլայն վճարման համակարգի կայքը, ինչպես նաև Visa-ի և MasterCard-ի։ Anonymous հաքերային խումբը մի շարք հարձակումներ է կատարել պետական և կորպորատիվ կայքերի վրա, ինչպես նաև Sony-ի PlayStation ցանցի և Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերի վրա։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---