Կյանքից հեռացել է հայ անվանի պատմաբան Մանվել Զուլալյանը

PanARMENIAN.Net - 82-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի պատմաբան, հայագետ-արևելագետ, ակադեմիկոս Մանվել Կարապետի Զուլալյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մանվել Զուլալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 18-ին` Սբ. Հովհաննես եկեղեցում, իսկ հունվարի 23-ին ժամը 12-ից 14-ը ակադեմիկոսին հրաժեշտ կտան Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղից, ժամը 14-ին նրա մարմինը կտեղափոխվի քաղաքային պանթեոն:

Մեծ է նրա ներդրումը Հայաստանի, ինչպես նաև համաշխարհային պատմության առանցքային շատ հիմնահարցերի ուսումնասիրության գործում: Մանվել Զուլալյանի գիտական հետազոտությունների համակարգված ամբողջացումն էր «Արևմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում» մենագրությունը (Երևան, 1980): 1990թ. Մ. Զուլալյանը հրատարակեց «Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դդ.)» հետազոտության առաջին գիրքը, որը նվիրված էր Հայաստանի քաղաքական պատմության հիմնահարցերի համակողմանի լուսաբանման համար օտար հեղինակների կարևոր դիտարկումների ու հաղորդումների հետազոտմանը:

Ակադեմիկոս Մ. Զուլալյանը որպես հեղինակ իր ակտիվ մասնակցությունն է բերել ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին:

«Հարազատ ժողովրդի պատմությանը նվիրյալ վաստակաշատ, լայն ընդրկման տեր գիտնականի հիշատակը միշտ անմոռաց կմնա իր գործընկերների և բազմաթիվ աշակերտների մոտ, և իր հիմնարար աշխատություններով Մ. Զուլալյանը կշարունակի հավատարմորեն ծառայել երախտապարտ իր ժողովրդին»,- ասված է ՀՀ կրության և գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարածած ցավակցական ուղերձում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---