Բակո Սահակյան. Դատական համակարգում անելիքները դեռևս շատ են

Բակո Սահակյան. Դատական համակարգում անելիքները դեռևս շատ են

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը և շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի բնականոն զարգացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման գործում չափազանց կարևոր է դատական համակարգի դերը և նրա յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Բակո Սահակյանը կառույցի հանդեպ վստահությունը համարել է պետությունում օրենքի գերակայության, քաղաքացու իրավունքների և արդարության պաշտպանության ամենաիրական չափանիշներից մեկը:

Նախագահը նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հանրապետության դատական համակարգում իրականացվել են լուրջ բարեփոխումներ, որոնք շոշափելի ազդեցություն են ունեցել նրա գործունեության արդյունավետության բարձրացման վրա: Միևնույն ժամանակ, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում անելիքները դեռևս շատ են: Այս պարագայում առանցքային նշանակություն ունեն դատավորների բարձր բարոյական և մասնագիտական հատկանիշները, կադրային ճիշտ քաղաքականությունը, դատավորների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:

Բակո Սահակյանը վստահեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները կշարունակեն մշտական ուշադրության կենտրոնում պահել համակարգի գործունեությանն ըստ ամենայնի աջակցելու, դատավորների աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---