23 հունվարի 2012 - 12:28 AMT
Թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատացումը կանդրադառնա Թուրքիայի տնտեսության վրա

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվեղ օրինագիծն այսօր ընդունվելու է Ֆրանսիայի Սենատի կողմից, եթե ոչինչ չփոխվի դրա կառուցվածքում և բավանդակությունում: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա, թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատացումը նախ և առաջ կանդրադառնա Թուրքիայի տնտեսության վրա և նա դա լավ է հասկանում, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, օրինագծի ընդունումը լուրջ հետևանքներ չի ունենա: «Մեկ անգամ մենք արդեն ականատես ենք եղել նման իրավիճակի, երբ Ֆրանսիան ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է փորձագետը: Նրա կարծիքով, օրինագծի ընդունումը նաև չի ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Թուրքիայի սպառնալիքները` կապված օրինագծի հետ, ապացուցում են, որ նա երբեք էլ մտադիր չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել»,-հայտարերլ է նա:

Այսօր` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

Դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատի Օրենսդիր հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը:

Ֆրանսիայի ԱԺ օրինագծի ընդունումից հետո, թուրքական իշխանությունները սպառնում են Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար խզումով: