Կշարունակի արդյոք քաղաքապետարանը Երևանի փողոցների մայթեզրերի գովազդային վահանակների ապամոնտաժումը, թե ոչ, դեռ պարզ չէ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ ապամոնտաժելուց առաջ պետք է այլընտրանք գտնեն:
«Այդ վահանակներից ստացված գումարների հաշվին է նաև գոյանում Երևանի բյուջեն: Մաշտոցի պողոտան այլ խնդիր էր: Դա արվեց ավելի շատ բարոյական տեսանկյունից ելնելով, քանի որ այն քաղաքի գլխավոր պողոտան է: Բացի այդ, վահանակների պատճառով մեր հրաշք Մատենադարանի շենքը չէր երևում»,- ասաց նա:
Գովազդային վահանակների ապամոնտաժումն էր, ըստ Գևորգյանի, նաև գլխավոր պատճառը, որ այս տարի Մաշտոցի պողոտայի ամանորյա լուսավորությունն ավելի շքեղ տեսք ուներ:
2011 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանը սկսեց ապամոնտաժել Մաշտոցի պողոտայի մոտ 50 գովազդային վահանակները: Յուրաքանչյուր գովազդային վահանակի համար, ըստ «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանի, քաղաքապետարանը ստանում էր 1,8 մլն դրամ: