24 հունվարի 2012 - 15:07 AMT
Շարմազանով. ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումից հետո նրա ժողովուրդը կորոշի, թե ինչ զիջումների գնա

Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հունվարի 23-ի եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կատարած հայտարարությունը: «Թեև դա այն փաստաթուղթը չէ, որի մասին մենք երազում էինք, որովհետև չկար արմատական առաջընթաց: Արմատական բեկում չի եղել, քանի որ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- նկատել է նա:

Շարմազանովը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի վրա այնպիսի միջազգային ճնշում կգործադրվի, որպեսզի «նրա խոսքն ու գործը համընկնեն»:

Փոխխոսնակը մեկնաբանել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունը` ընդգծելով, որ «այդ ազդանշանն ուղղված է Ադրբեջանին»: Նա նշել է, որ ցանկացած հակամարտության կարգավորման համար փոխզիջում է անհրաժեշտ, սակայն Ադրբեջանը` հաշվի առնելով, որ նա պարտված կողմ է, առայժմ չի հայտնել փոխզիջումների գնալու իր ցանկության մասին:

Ինչ վերաբերում է հայկական կողմի զիջումներին, ապա Շարմազանովը հայտնել է. «Մեր զիջումների մասին մենք արդեն խոսել ենք` ԼՂՀ անկախությանն այլընտրանք չկա, և ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումից հետո նրա ժողովուրդը կորոշի, թե ինչ զիջումների գնա»:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադրող հաշտության պայմանագրի մշակմանը»,- հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ զինված ուժերի շփման գծում միջադեպերի քննության նպատակով կոնկրետ ընթացակարգերի կատարման ուղղությամբ, ինչպես նաև դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում: