24 հունվարի 2012 - 16:08 AMT
Արթուր Բաղդասարյանը կարևորել է Ռոսսելխոզբանկի ներկայացվածությունը Հայաստանում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Ռոսսելխոզբանկի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, և այս համատեքստում ընդգծվել է գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման խթանման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետությունում բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի Դաշնության ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը: Բանկի խորհրդի նախագահի համոզմամբ` այս ուղղությամբ առկա է մեծ փորձ, որի կիրառումը, Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջև այս և այլ ոլորտներում ֆինանսատնտեսական կապերի ամրապնդմանը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է բանկի ներկայացվածությունը Հայաստանում և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ֆինանսավորման և ընդհանուր առմամբ ոլորտում ներդրումների և ֆինանսավորման ծավալների մեծացմանը: