Վրաց-ռուսական միջպետական հարաբերությունները կվերականգնվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ փակի «ապօրինի դեսպանատները» Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Այդպես է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրատս է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն դրան խանգարում է նախագահ Սահակաշվիլին, որին նա ձեռք չի մեկնի: «Անհասկանալի է, թե որ Վրաստանի մասին է խոսել ՌԴ նախագահը, քանի որ Վրաստանը ճանաչված է իր միջազգային սահմաններով, որոնք Ռուսաստանը չի ճանաչում»,-ասել է Մանջգալաձեն:
Ըստ նրա, Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ագրեսիա է իրականացրել և այժմ ապօրինաբար վերահսկում է Վրաստանի տարածքները՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան»: «Խնդիրը անձերի մեջ չէ, ոչ էլ նախագահ Սահակաշվիլու, այլ ՌԴ ապօրինի գործողությունների, որոնց արդյունքում Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ վտարանդի դարձան»,-ասել է Մանջգալաձեն: