Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի պարզեցման շուրջ բանակցությունները կմեկնարկեն փետրվարին

Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի պարզեցման շուրջ բանակցությունները կմեկնարկեն փետրվարին

PanARMENIAN.Net - Հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, բանակցությունների արդյունքում էական առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաև բանակցությունները` Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ: Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երևանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---