ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայկական կոնյակի Ռուսաստան հիմնական մատակարարողներ` «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ մտնող Երեւանի կոնյակի գործարանը եւ «Great Valley» ընկերությունը բարձրացրել են իրենց արտադրանքի գները: Հայկական կոնյակի մեծածախ գների 10-20%-ով բարձրացման պատճառը «Պեռնո Րիկար Ռուս» ընկերության տնօրեն Օլեգ Բուկինը «Մեդիամաքս» գործակալությանը բացատրել է Հայաստանում խաղողի ցածր բերքով: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իրենց դիտարկումներով, դա առանձնապես չի ազդել մանրածախ գնի վրա: Իր հերթին, «Great Valley» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Արզականցյանը «Վեդոմոստի» թերթին հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է բարձրացնել իր արտադրանքի գները` հասցնելով դրանք իր գլխավոր մրցակցի` Երեւանի կոնյակի գործարանի գների մակարդակին: Ռուսաստանյան շուկա հայկական կոնյակի գլխավոր ներկրող «Ռուսիմպորտ» ընկերությունը գտնում է, որ «արտադրողները չափազանց դրամատիզացնում են հումքային խնդիրը` իրենց արտադրանքի թանկացումն արդարացնելու համար»: Ընկերության փոխնախագահ Վլադիմիր Սոկոլնիկովի խոսքերով` խաղողի գների աճն այդքան լուրջ չի ազդի կոնյակի գնի վրա: «Շատ գործարաններ ունեն կոնյակի սպիրտի նշանակալի պաշարներ, որոնք կարող են մեղմել պակասորդը», - հայտարարել է նա: Սոկոլնիկովի խոսքերով` ռուսաստանյան սպառողը պատրաստ չէ բարձր գին վճարել հայկական կոնյակի համար: Մինչ դեռ, «Բիզնես Անալիտիկա» գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Ստերլինն այլ կարծիքի է: «Հայկական կոնյակն ունի սպառողների իր խումբը, որը գերադասում է հենց այդ ըմպելիքը: Իհարկե, նրանք կարձագանքեն գների բարձրացմանը, սակայն հիմնականում այդ խումբը կպահպանվի: Չէ՞ որ, նույնիսկ 50 տոկոսով գների բարձրացման դեպքում, հայկական կոնյակն ավելի էժան կլինի ֆրանսիականից», - նշել է Ստերլինը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---