7 փետրվարի 2012 - 17:52 AMT
Վ. Պուտին. Նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ մուտքի արտոնագրի ռեժիմի կիրառմամբ ՌԴ-ն կկորցնի այդ երկրները

Նախկին ԽՍՀՄ երկրների հետ մուտքի արտոնագրի ռեժիմ ներմուծելը կհանգեցնի նրան, որ այդ երկրները վերջնականապես դուրս կգան Ռուսաստանի ազդեցության ոլորտից, հայտարարել է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին: Պուտինի և վստահված անձնանց հետ հանդիպմանը շոշափվել են գրանցման, միգրանտների հոսքի և այլ հարցեր:

«Կարելի է մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել նախկին ԽՍՀՄ երկրների համար, բայց այդ ժամանակ մենք վերջնականապես կկորցնենք նրանց, նրանք կհեռանան մեր ազդեցության ոլորտից, իսկ դա կթուլացնի մեր երկիրը»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, նախկին ԽՍՀՄ երկիրների հետ մուտքի արտոնագրի ռեժիմի կիրառումը կհանգեցնի Ռուսաստանի համար մի շարք անբարենպաստ հետևանքների:

«Եթե մարդիկ գալիս են, աշխատում են գործող օրենսդրության սահմաններում, ապա դա զգալի գործոն է տնտեսության զարգացման համար, և ողջ աշխարհում այդպես է: Միայն պետք է կարգուկանոն հաստատել, իսկ դա նախատեսում է որոշակի խստացումներ, բայց բոլորի համար. նրանց համար, ովքեր անօրինական են գալիս կամ խախտում այստեղ ապրելու պայմանները, և նրանց համար ովքեր նպաստում են դրան, այդ թվում՝ տեղի քաղաքացիները»,- ասել է նա և հավելել, որ Ռուսաստանի տնտեսությանն անհրաժեշտ է միգացիոն հոսքը: