Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ֆրանսիական սենատորների պատվիրակությանը` սենատոր Նատալի Գուլեի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած է այն սենատորներից, ովքեր Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ են դիմել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու պահանջով:
Պատվիրակության կազմի մեջ, բացի Նատալի Գուլեից, մտնում են սենատորներ Սիլվիա Գո-Շավենը, Ժան-Մարի Բոքելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեքսարը, Ջանի Լորժուն:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հյուրերին ողջունած Մամեդյարովն ընդգծել է այդ այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նախարարը հայտնել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից հունվարի 23-ին ընդունված օրենքը, որը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար, Ադրբեջանում «էմոցիոնալ» է ընդունվել:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:
Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:
Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: