7 փետրվարի 2012 - 20:57 AMT
Էդուարդ Շարմազանով. Որոշ քաղաքական ուժեր ֆալստարտով են սկսել ընտրական քարոզարշավը

Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական հայտարարությունների ժամանակ մեկնաբանել է վերջին ներքաղաքական զարգացումները երկրում: «Եղան մարդիկ և գործիչներ, ովքեր ֆալստարտով մեկնարկեցին և կեղծ քարոզարշավ սկսեցին: Բայց կա ժողովրդական հստակ ավանդություն` բանը շուտ արթնանալը չէ, բանը ժամանակին տեղ հասնելն է, իսկ մարզական մեկնաբանների խոսքով կարող եմ ասել` քաղաքականությունը ոչ թե սպրինտ է, այլ մարաթոն, և կարևորը ոչ թե արագ վազելն է 100 մետրը, այլ ժամանակին տեղ հասնելը»,- հայտնել է ՀՀԿ-ից փոխխոսնակը: Շարմազանովը հավելել է, որ քաղաքականության մեջ հաջողության կհասնեն այն քաղաքական ուժերը, «ովքեր քաղաքականության մեջ կառաջնորդվեն ոչ թե սպրինտի, այլ մարաթոնյան վազքի տրամաբանությամբ»:

ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունների միջև հարաբերությունները վերջին օրերին սրվել են: Երեկ այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, խորհրդարանին չհաջողվեց առաջին ընթերցմամբ ընդունել «Կանխիկ օպերացիաների սահմանափակման մասին» օրինագիծը: ՀՀԿ կողմից կտրուկ մեղադրանքներից հետո այն մասին, որ «Բարգավաճ Հայաստանի» խոսքն ու գործը չեն համընկնում», ԲՀԿ-ն այսօր որոշեց բոյկոտել խորհրդարանի նիստը: