Փետրվարի 9-ին կկայանա «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 9-ին կկայանա «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Վաղը՝ փետրվարի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանի հեղինակած «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի հիմնադրման 550-ամյա հոբելյանին (1461-2011թթ.), տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունից։

Մենագրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրության պալատական, դիվանագիտական,վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բանակում ու նոր զարգացող բուրժուական հարաբերությունների մաս հանդիսացող բանկային, արդյունաբերական, ապահովագրական համակարգերում, ինչպես նաև բժշկության, քաղաքաշինության, արհեստների, սպորտի, և այլ ոլորտներում ու երկրի տնտեսության համար նոր ձևավորվող կարևորագույն ճյուղերում արևմտահայության ունեցած մեծագույն ներդրումը։

Այս աշխատությունը կարող է հիմք ծառայել բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար։ Այն բաղկացած է 744 էջից, 400 գունավոր և սև ու սպիտակ արժեքավոր լուսանկարներից: Գրքի հրատարակումն իրականացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ:

«Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» մենագրության հեղինակ Հասմիկ Ստեփանյանը շուրջ 40 տարի աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում։ Նրա աշխատությունները գլխավորապես նվիրված են հայատառ թուրքերեն մշակույթին՝ ձեռագիր, տպագիր գրականությանը,պարբերական մամուլին, հայ-թուրքական մշակութային հարաբերություններին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---