8 փետրվարի 2012 - 18:08 AMT
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կկիրառվի Dasaran.am կրթական ծրագիրը

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Dasaran.am կրթական պորտալ-ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Ծրագիրը թույլ է տալիս կայքում հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների ծրագրերը, նշել է, որ կայքի նախաձեռնությունը կարևոր քայլ է համակարգի գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել ու սատարել նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

«Գործնականում արդեն տեսնելով ծնողների և ուսուցիչների գոհունակությունը`վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ դպրոցներում լիարժեքորեն կապահովվի գործունեության թափանցիկությունն ու հնարավորություն կտա ամրապնդել ծնող-դպրոց-պետություն համագործակցությունը»,-նշել է քաղաքապետը:

Ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ Dasaran.am-ը լավ գործիք է դպրոցին վերաբերող տարբեր տվյալների ստացման, դպրոցի արդյունավետ կառավարման, վերահսկողության և վերլուծությունների համար և հավելել, որ մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են և բաց կայքի անդամների համար: