«Հայփոստի» Դիլիջանի մասնաճյուղի փոստային բաժանմունքի պետը յուրացրել է 4.200.931 դրամ

«Հայփոստի» Դիլիջանի մասնաճյուղի փոստային բաժանմունքի պետը յուրացրել է 4.200.931 դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների և ավանդների գումարները հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Դատախազությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետ Ա. Մարկոսյանի կողմից միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների կողմից ներդրված ավանդների գումարների փոխհատուցման, ինչպես նաև կենսաթոշակների վճարման գործընթացում, վճարային ցուցակներում ավանդատուների և կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես` Ա. Մարկոսյանը, իրեն վստահված կենսաթոշակների և ավանդների գումարներից, յուրացման եղանակով, թաքցնելով ԽՍՀՄ «Հայխնայբանկում» ներդրված ավանդների գումարների փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը, 2007-2010թթ. ընթացքում պարբերաբար կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված 12 կենսաթոշակառուների և 13 ավանդատուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4.200.931 ՀՀ դրամ ավանդների փոխհատուցման և կենսաթոշակի գումարները: Բացի այդ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մարկոսյանն ապօրինաբար իր տանը պահել է հանգուցյալ հոր կողմից ձեռք բերված ռազմամթերք հանդիսացող` մեկ «ՌԳ-42» տեսակի նռնակ, 4 հատ 5.45 մմ և 3 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2011թ. սեպտեմբերի 16-ին նրա բնակարանում կատարված խուզարկությամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

2011թ. դեկտեմբերի 29-ին Ա. Մարկոսյանի մասով քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Նախաքննության ընթացքում Ա. Մարկոսյանի կողմից պատճառված վնասից վերականգնվել է 1.872.126 դրամ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---