Թուրք պատմաբան, Քլարքս համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը հոդված է հրապարակել թուրքական Taraf-ում հայազգի լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին՝ շաղկապելով այդ փաստը երիտթուրքերի ղեկավարներից մեկի Թալաաթ փաշայի սպանությն հետ 1921թ.:
«Ամեն ինչ կազմակերպված էր Թալաաթի սպանության համար ռևանշի նպատակով: Դա պարզ է դառնում ոչ միայն փաստերի համադրման արդյունքում, այլ նաև կասկածյալներից մեկի՝ Յասին Հայալի դատարանում արած այն հայտարարությունից, թե նա միշտ հետաքրքրվել է փաշայի սպանության հանգամանքներով»,-գրում է Աքչամը:
Այս երկու սպանությունների առաջին «զուգադիպությունը» այն է, որ երկուսն էլ սպանվել են օրը ցերեկով՝ ետևից կատարված կրակոցից: «Ինչո՞ւ նրան չեն առևանգել, կամ չեն սպանել տան մոտ: Եթե ցանկանային, կանեին, բայց ոչ: Ինչպես հայտնի է Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալաաթին փողոցում՝ գլխին արձակած կրակոցով»,-ասել է պատմաբանը:
«Սակայն, կա նաև այլ նմանություն: Թալաաթի սպանության կազմակերպիչները մտածում էին, որ Թեհլերյանին բռնելու են և որոշված էր, որ նա իր վրա կվերցնի մեղքը»,-ասել է Աքչամը: -«Նույնը և Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամաստը, նա չփախավ, այլ միանգամից խոստովանեց մեղքը»:
Ըստ պատմաբանի, նմանության նպատակը ոչ միայն ռևանշ վերցնելն է, այլ բոլորին 1915թ. մասին հիշեցնելը: «Նրանք ուզում էին ասել. Մենք թույլ չենք տա, որ գեթ մեկ հայ ազատ խոսի այս երկրում 1915թ. հետո»,-գրում է նա:
Աքչամը հիշեցրել է նաև Թալաաթ փաշայի կոմիտեի ղեկավար Ռաուֆ Դենքթաշի մահվան մասին Դինքի սպանությունից հետո: «Չի կարելի մոռանալ նրա կողմնակիցների հայտարարությունները, որոնք եկել էին Դենքթաշի թաղմանը. «Ինչպես կարող եք արդարություն ակնկալել Դինքի գործում: Մենք բոլորս Դենքթաշներ ենք և միշտ Թալաաթի կողմից ենք լինելու»,-ասել է Աքչամը:
Վերջում նա գրում է. «90-ամյա ժխտողական քաղաքականությունը ատրոֆիայի է ենթարկել մեր միտքը: Իշխանությունները հայտարարում են, թե դժգոհ են Հրանտի գործով դատավարությունից, սակայն հարց է առաջանում, իսկ ո՞վ է բռնել նրանց ձեռքը:
Մեզ միայն մեկ բան կփրկի՝ ճանաչել Դինքի սպանությունը որպես հիշեցում ցեղասպանության մասին, ինչը կօգնի մեզ փրկել թուրք ազգին և կանխել նոր սպանությունները»:
Աքչամը կոչ է արել իր գաղափարների բոլոր կողմնակիցներին պայքարել արդարության համար և «թող Դինքը դառնա մեր նոր հանրապետության խորհրդանիշը, որը տարբերվում է այսօրվա Թուրքիայից»: