ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի երեկվա նիստում ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բացատրություններ է պահանջել ՀՀ մշակույթի նախարար Թամարա Պողոսյանից Անթալիայում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպման ժամանակ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի ելույթի առնչությամբ: Ընդ որում ՀՅԴ-ն առնվազն անհասկանալի է համարել այն փաստը, որ «Հայաստանի պետական պաշտոնյան մասնակցում է մի միջոցառման, որի նախաձեռնող երկիրը` Թուրքիան մինչեւ օրս խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, ներկայացնելով մի շարք նախապայմաններ»: ՀՅԴ կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ նման սխալ մոտեցումների արտահայտությունները, որոնք տեղ են գտնում Հայաստանի առանձին պաշտոնյաների ելույթներում միջազգային խորհրդաժողովներում, մասնավորապես, Թուրքիայում, վնաս են հասցնում երկրի արտաքին քաղաքականությանը: Հիշեցնենք, որ թուրքական «Միլլիեթ» թերթի համաձայն, Եվրամիության «Մշակութային քաղաքականությունը անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում Անթալիայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպման ժամանակ, ՀՀ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը «հաշտության կոչ է արել Անկարային», նշելով, մասնավորապես, որ «եկել է մերձենալու եւ միմյանց ավելի լավ ճանաչելու ժամանակը»:
 Ուշագրավ
---