24 փետրվարի 2012 - 11:56 AMT
Փետրվարի 26-ին Մեծ Պահքի Արտաքսման կիրակին է

Մեծ պահքի ընթացքում յուրաքանչյուր կիրակի անվանում ունի: 1-ին կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան: Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»:

Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):

Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:

Կիրակի Ս. Պատարագ կմատուցվի, սակայն Ս. Հաղորդություն չի տրվի, քանի որ եկեղեցու խորանի վարագույրը փակ է: